«Մեծ քսանյակի» երկրներն Ուկրաինայում «արդար, համապարփակ և կայուն» խաղաղության կոչ են արել: Յոհանեսբուրգում ընթացող G20-ի գագաթնաժողովի հռչակագրում Ուկրաինայի հետ նշվում են նաև մի շարք այլ տարածաշրջաններ, որտեղ պետք է հասնել խաղաղության՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան․ մասնավորապես՝ Սուդան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և «պաղեստինյան տարածքներ»: ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է, որ հռչակագիրն ընդունվել է G20-ի պետությունների ճնշող մեծամասնության կողմից:
G20-ի գագաթնաժողովի շրջանակում արտակարգ հանդիպումից հետո ԵՄ առաջնորդները ողջունել են ԱՄՆ-ի ջանքերը, սակայն ընդգծել են, որ Թրամփի նախագիծը միայն հիմք է, որը լրացուցիչ աշխատանք է պահանջում և լրամշակման կարիք ունի: Նրանք նշել են, որ պետությունների սահմանները չեն կարող ուժով փոխվել։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Նրանք քննարկել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած ծրագիրը։
Նախօրեին Մերցը, Մակրոնը և Սթարմերը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և հայտարարել, որ ցանկացած համաձայնագիր, որը վերաբերում է եվրոպական պետություններին, Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին, պահանջում է եվրոպական գործընկերների միջև կոնսենսուս: