Նոյեմբերի 18-ին Կիգալիում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ռուանդայի միջև քաղաքական երկխոսության խթանման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ոլորտային փոխգործակցության շրջանակն ընդլայնելու հեռանկարներին, այդ թվում՝ կրթության, գիտության, գյուղատնտեսության, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում:

Քննարկվել են բազմակողմ ձևաչափերում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերը: Մտքեր են փոխանակվել նաև 2026 թ. Երևանում անցկացվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շուրջ: Այս համատեքստում ներկայացվել են ՀՀ տեսլականը և գործադրվող ջանքերը կենսաբազմազանության խնդիրները պատշաճ կերպով հասցեագրելու և առավել ներառական Համաժողով կազմակերպելու հարցում:
Երկկողմ հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի և Ռուանդայի ԱԳ նախարարի կողմից «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուանդայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: