Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկն ավարտվել է։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։
Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ կուսակցությունների ստացած ձայներում փոփոխություններ չեն եղել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ էին: Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել են 3-ը։
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15298 ձայն, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 10051 ձայն, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը՝ 1692, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1193, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1241, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 1177, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 440, «Համահայկական ճակատ» կուսակցությունը՝ 295:
Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12 մանդատ, «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ։
Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 69924, իսկ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 31535: