Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանի վերջին հայտարարությանը՝ կոչ անելով զերծ մնալ ծանրորդների`ազգային հավաքականի անդամների անուններն այս կամ այն քաղաքական շահարկումների առիթ դարձնելուց:
«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան բարձր գնահատելով մեր մարզիկների ու մարզիչների` տարիներով կառուցած հեղինակությունը, պարտավոր է արձագանքել Գյումրու քաղաքապետարանի վերջին հրապարակմանը:
Ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ մեր մարզիկների, մարզիչների ու սպորտային գործիչների անունների օգտագործումը՝ որևէ քրեաիրավական գործընթացում ներգրավված անձի պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ լիովին անընդունելի է և վնասում է հայկական սպորտի հեղինակությանը։
Այսպիսի գործողությունները կարող են ստեղծել կեղծ տպավորություն, թե մարզական համայնքը ներգրավված է կամ ներգրավվում է որոշակի անձանց անձնական կամ իրավական խնդիրների լուծման մեջ, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կոչ է անում դադարեցնել ծանրորդների ու մարզիչների անունների որևէ ձևով օգտագործումը քաղաքական, անձնական կամ քրեաիրավական նպատակներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիան իր հերթին ընդգծել է, որ ազգային հավաքականի մարզիկների անունների օգտագործումը քաղաքական կամ անձնական շահարկումների համատեքստում անընդունելի է։
«Մարզաշխարհի ներկայացուցիչները կենտրոնացած են բացառապես սպորտային գործունեության վրա, և նման շահարկումները խաթարում են թե՛ մարզաձևի, թե՛ ամբողջ հայկական սպորտի հեղինակությունը։
Ֆեդերացիան կոչ է անում դադարեցնել հրաձգության մարզիկների ու մարզիչների անունների ցանկացած ձևով շահարկումը այն հարցերում, որոնք որևէ առնչություն չունեն նրանց մասնագիտական գործունեության հետ»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ևս արձագանքել է այդ հայտարարությանն ու նշել, որ ֆեդերացիան մշտապես գործում է բացառապես սպորտային արժեքների, օլիմպիական սկզբունքների և օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։
«Վերջին օրերին սոցիալական ցանցերում շրջանառվող հրապարակումների կապակցությամբ ցանկանում ենք ընդգծել, որ
Ֆեդերացիան որևէ պաշտոնական քաղաքական հայտարարություն կամ դիրքորոշում չի տարածել։
Միաժամանակ կարևոր ենք համարում նաև փաստը, որ
մարզիչները և մարզիկները՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ունեն իրենց անձնական կարծիքը արտահայտելու սահմանադրական իրավունք, և նրանց անհատական հրապարակումները կամ տեսակետները չեն ներկայացնում ֆեդերացիայի պաշտոնական դիրքորոշումը։
Ֆեդերացիայի գործունեության հիմքում մնում են միայն՝
• մարզական առաջընթացը,
• մարզիկների պատրաստվածությունը,
• հայաստանյան ըմբշամարտի միջազգային հաջողությունները,
• և միասնությունն ու փոխադարձ հարգանքը մեր մեծ սպորտային ընտանիքում։
Շարունակում ենք աշխատել նույն նվիրումով՝ առաջնորդվելով սպորտի բարձր արժեքներով և պետականորեն սահմանված մեր պարտականություններով՝ բարձր պահելով հայոց եռագույնը և Հայաստան անունը համաշխարհային ասպարեզում»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ վստահեցնելով, որ ճանաչված մարզիկները և մարզիչները իրենց աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: