Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել Եվրամիության երկրներին մինչև դեկտեմբեր համաձայնության գալ հաջորդ երկու տարիներին Ուկրաինայի ռազմական և ֆինանսական կարիքները հոգալու ծրագրի շուրջ, որը գնահատվում է 135,7 միլիարդ եվրո։ Այդ մասին ասվում է երկուշաբթի ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում, հաղորդում է Reuters-ը:
Փաստաթղթում Ֆոն դեր Լայենն ընդգծում է Ուկրաինայի «հատկապես հրատապ» ֆինանսավորման անհրաժեշտությունը 2026 և 2027 թվականներին՝ 83,4 միլիարդ եվրո ուկրաինական բանակի ֆինանսավորման և 55,2 միլիարդ եվրո՝ տնտեսության կայունացման ու բյուջետային դեֆիցիտի վերացման համար։
Եվրահանձնաժողովը եվրոպական երկրներին առաջարկել է բացը լրացնելու երեք տարբերակ՝ 90 միլիարդ եվրո անդամ պետությունների երկկողմանի ներդրումների տեսքով։ Օգնությունը կտրամադրվի որպես չվերադարձվող դրամաշնորհ և կհաշվառվի անդամ պետության ազգային բյուջեում, ներառյալ՝ դրանց հետ կապված տոկոսային վճարումները։
90 միլիարդ եվրո՝ համատեղ պարտք։ Տոկոսները կծածկվեն կամ ազգային երաշխիքներով, կամ դաշինքի ընդհանուր բյուջեով։
Եվ 140 միլիարդ եվրո՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների հիման վրա փոխհատուցման վարկերի տեսքով։ Կիևը պարտավոր կլինի վարկը մարել միայն այն բանից հետո, երբ Մոսկվան համաձայնի փոխհատուցել վնասը։
Գործակալությունը հայտնում է, որ Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ որոշում պետք է կայացվի ԵՄ գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-ից 19-ը:
Նոյեմբերի 14-ին լրագրողները կարծիք են հայտնել, որ Հունգարիան և Սլովակիան կարող են արգելափակել Կիևի ֆինանսավորման համար օգտագործվող ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը՝ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի պատճառով: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ եվրոպացի քաղաքական գործիչները վախենում են, որ հնարավոր օգնությունը կարող է հայտնվել սխալ ձեռքերում: