«Լուրերի» նկարահանող խմբերը վաղ առավոտից Վաղարշապատում էին: Մեր թղթակիցները հետևել են քվեարկության ընթացքին, իսկ այս պահին հետևում են քվեների հաշվարկին:
Լրագրող Իրինա Մկրտչյանը թիվ 14/23 ընտրական տեղամասում հետևել է ձայների հաշվարկին:
Նրա խոսքով՝ այս ընտրատեղամասում և բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ վաղ առավոտից եղել են, դիտվել է բավականին ակտիվ մասնակցություն:
Այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 2017 քաղաքացի, իր իրավունքից օգտվել է 963-ը:
Ակտիվությունը պահպանվել է ողջ օրվա ընթացքում, ինչը փաստել են նաև հանձնաժողովների նախագահները:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը Մկրտչյանի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ խախտումներ են գրանցվել ողջ օրվա ընթացքում:
«Բավական հանգիստ քվեարկության օր էր: Ժամը 20.00-ի դրությամբ չենք ֆիքսել մի այնպիսի խախտում, որը մեր գնահատմամբ, պարունակեր հանցագործության տարրեր՝ հաշվի առնելով, որ խոսքը 47 ընտրատեղամասի մասին է: Սա, ըստ իս, վատ արդյունք չէ, տեսնենք, թե հաշվարկի արդյունքում ինչ դեպքեր կարող են լինել: Ինչ վերաբերում է կրկնակի քվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկության ահազանգերին, ապա մենք ստուգել ենք բոլոր այդ ահազանգերը հատ առ հատ:
Եթե կարճ՝ ապա այնպիսի մի դեպք, որը եղել է այլ անձի փոխարեն քվեարկություն կամ կրկնակի քվեարկության փորձ, չի եղել»,- հայտնեց Իոաննիսյանը:
Ինչ վերաբերում է հոսանքազրկման դեպքերին՝ ասաց դա տեղի է ուենցել երկու ընտրատեղամասում:
«Թիվ 8 և թիվ 13 ընտրատեղամասում եղել է հոսանքազրկում ժամը 18.30-ի կողմերը: Թիվ 8-ում մեր դիտորդն ամբողջ ընթացքում եղել է, թիվ 13 մեր դիտորդը գնացել է ընթացքում: Ոչ մի տեղ այնպիսի ահազանգ, որ ընտրատեղամասում այնպիսի բան է տեղի ունեցել ընտրական կոնտեքստում, չի եղել, բացի նրանից, որ էլեկտրոնային գրանցման սարքերն այդ ընթացքում չեն աշխատել, ինչը խնդիր է, որովհետև պետք է աշխատեին: Քվեարկության գործընթացը կանգնել է, բայց կեղծիք չի եղել»,- ընդգծեց նա: