Հյուսիսային Եվրոպայի ութ երկիր՝ Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան և Շվեդիան, հայտարարել են, որ 430 միլիոն եվրո (500 միլիոն դոլար) կհատկացնեն Կիևին՝ ՆԱՏՕ-ի PURL նախաձեռնության ծրագրի շրջանակում Ուկրաինային անհրաժեշտ զենք գնելու համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ողջունել է այդ որոշումը: Նրա խոսքով՝ «կարևորագույն ռազմական տեխնիկայի» մատակարարումը հատուկ նշանակություն ունի, քանի որ Ուկրաինայում սկսվում է ձմեռային շրջանը:
Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկի (PURL) ծրագիրը գործում է 2025 թվականի հուլիսից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՆԱՏՕ-ի պայմանավորվածության համաձայն:
Սեպտեմբերի 17-ին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան PURL-ի շրջանակում արդեն ստացել է ավելի քան 2 միլիարդ դոլար և հույս ունի մինչև տարեվերջ ստանալ ևս 3-3,5 միլիարդ։ Այդ գումարը, ի թիվս այլ բաների, օգտագործվել է Patriot և HIMARS համակարգերի հրթիռներ գնելու համար։