TRIPP նախագիծը նոր հնարավորություններ է բացում Պարսից ծոց-Սև ծով և Օմանի ծոց-Սև ծով տարանցման պոտենցիալի մեծացման առումով: Այդ մասին տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հասկանալի է, որ նախագիծը նույնչափ ձեռնտու է Վրաստանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը: Նախագիծն ակնհայտորեն ձեռնտու է Հայաստանին, Ադրբեջանին: Նախագիծն ակնհայտորեն ձեռնտու է Թուրքիային: Նախագիծն ակնհայտորեն ձեռնտու է ԱՄՆ-ին: Նախագիծն ակնհայտորեն ձեռնտու է Կենտրոնական Ասիայի երկրներին: Նախագիծն ակնհայտորեն ձեռնտու է Չինաստանին:
Ես հասկանում եմ, որ սա տարօրինակ է հնչում, բայց այսպես ստացվել է, որովհետև երբ քաղաքական խոսույթի տեսակետից ենք նայում, այդպիսի շեշտադրումներ, թե ինչքանով ձեռնտու կլինի ուրիշներին, հնչում են, բայց երբ նայում ենք գետնի վրա, գործնականում, մենք տեսնում ենք, որ գործ ունենք կոնսենսուսային նախագծի հետ կամ նախագծի, որն անխուսափելիորեն դառնալու է կոնսենսուսային, և այսօր էլ կոնսենսուսային է, որովհետև ի հեճուկս, ի տարբերություն օգոստոսի 8-ին հաջորդած առաջին շրջանին՝ ես հիմա որևէ (եթե պատշաճ տեղեկացված եմ) քննադատական ուղերձ չեմ լսում ոչ մի կողմից, իհարկե, եթե հաշվի չառնենք Հայաստանի ներսում առկա որոշ քննադատություններ, որոնք ունեն բացառապես ներքաղաքական իմաստ և կոնտեքստ: Միջազգային տրամաբանության մեջ նման խնդիր չկա և գոյություն չունի»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հիշեցրեց իր այն կարծիքը, թե Ռուսաստանն այս նախագծի իրականացմամբ ամենահետաքրքրված կողմերից մեկն է:
«Իմ այս գնահատականն ընդունվեց հոռետեսությամբ, բայց մենք տեսանք, որ Վաշինգտոնի համաձայնությունների արդյունքում ապաշրջափակված Հայաստանի համար ադրբեջանական երկաթուղու առաջին շահառուն դարձավ ՌԴ-ն»,- ասաց նա: