Կոնտակտներ կան, գործընկերոջս հետ պարբերաբար աշխատանքային շփումներ կան: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացակական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և անվտանգային հարցերի հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել տարեսկզբին, իսկ դրանից հետո՝ հատկապես օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումից հետո, շփումներ եղե՞լ են կողմերի միջև:
«Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, մենք այցելեցինք հարավ և Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների և գործընթացի հետ, որն ուղղակիորեն կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ: Բայց նաև առանձին աշխատանքային կոնտակտներ կան, որոնք վերաբերում են ուղղակիորեն գործընթացի շարունակությանը: Այս պահին ավելին չեմ կարող ասել:
Կարծում եմ, որ կոնտակտները կոնստրուկտիվ են, և որոշ ժամանակ անց մենք կունենանք հրապարակելու տեղեկատվություն առ այն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը»,- ասաց նա:
Հարցին՝ փոխկապակցվա՞ծ են օգոստոսի 8-ի դրույթները և սահմանազատման գործընթացը, փոխվարչապետը պատասխանեց.
«Գլոբալ իմաստով, ինչ խոսք, օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա՝ սահմանազատման գործընթացը երկկողմ շարունակելու, և դա, ըստ էության, քննարկվում է:
Բացի դրանից՝ ավելի կոնկրետացան խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան, և, դիրքից կախված՝ ո՛ր հատվածները մենք պիտի սահմանազատենք, որպեսզի նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք:
Երկուսն էլ, այո՛, սահմանազատում են, բայց այստեղ հնարավոր է, որ արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք: Բայց առանձին, անկախ դրանից, մենք մեր գործընթացը, վստահ եմ, որ կշարունակենք»: