Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանն անդրադարձել է Ռուսաստանից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով տեղափոխված ցորենի խմբաքանակներին: Նրա խոսքով՝ ռուսական ցորենը եղել է բարձրակարգ, նաև գաղտնիք չէ, որ ղազախական ցորենը չի եղել բարձր որակի: Փոխնախարարի գնահատականով՝ այստեղ կարևորը ճանապարհների դիվերսիֆիկացումն է:
«Դիվերսիֆիկացիան եղել է և շարունակում է լինել, ինչը, կարծում եմ, լավ է: Ի սկզբանե բոլորն ասում էին, հարգելի՛ գործընկերներ, հացի խնդիր չկա, սոված չենք եղել և չենք լինի, բայց ճանապարհների դիվերսիֆիկացիան կարևոր է»,- ընդգծեց էկոնոմիկայի փոխնախարարը:
Ինչ վերաբերում է հացի գնի հնարավոր իջեցմանը, պատասխանեց՝ դա կախված է տարբեր գործոններից, ոչ միայն ճանապարհից:
«Հացի գնի հետ կապված, կարծեմ, հարց եղել է, այդ հարցին պատասխան եղել է, որ հացի գնի մեջ տարբեր կոմպոնենտներ կան, և միայն ճանապարհը չէ»,- ասաց նա:
Հարցին ի պատասխան՝ արդյոք ցորենի մատակարարումը շարունակակա՞ն է լինելու, էկոնոմիկայի փախնախարարն ասաց՝ կարծում է, այո:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ երկրորդ խմբաքանակը նորմա՞լ որակի ցորեն է, Զաքարյանը տվեց դրական պատասխան:
«Ռուսաստանինը նորմալ ցորեն է»,- հայտնեց Զաքարյանը:
Հիշեցնենք՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստանում է՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Օրերս Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ–ից ձեռք բերված ցորենը։