Կրեմլի խոսնակը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահի խոսքերին, որ ռուս-ուկրաինական կարգավորման հարցում էական առաջընթաց կա: Դմիտրի Պեսկովը նշել է, որ չի պատրաստվում մեկնաբանել Թրամփի հայտարարությունը, քանի որ Մոսկվան այդ հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չունի:
Նա հերթական անգամ հիշեցրել է, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները ներկայումս դադարեցված են: Պեսկովի ձևակերպմամբ՝ պատճառն այն է, որ ուկրաինական կողմն իբր չի ցանկանում դիվանագիտական լուծումներ գտնել, իսկ Եվրոպան սադրիչ քաղաքականություն է վարում: Կրեմլի խոսնակը հավելել է՝ Մոսկվան և Կիևն իրար չեն վստահում, ինչն ավելի է բարդացնում հակամարտության կարգավորումը:
Պեսկովին խնդրել են նաև մեկնաբանել լուրերը, թե Վլադիմիր Պուտինն այլևս չի վստահում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, քանի որ երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թեժ հեռախոսազրույցից հետո Թրամփ-Պուտին երկրորդ հնարավոր հանդիպումը ձախողվել է: «Նման հաղորդագրությունները բացարձակապես անհիմն են», - պատասխանել է Պեսկովը:
Վոլոդիմիր Զելենսկին էլ անդրադարձել է Պոկրովսկին, որի ուղղությամբ այժմ ամենաթեժ մարտերն են: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը վերջին երեք օրում 220 հարձակում են իրականացրել: Նա համոզմունք է հայտնել, որ Մոսկվայի նպատակն է ստիպել Կիևին հրաժարվել Դոնբասից:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան