ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մարվել է։
Ինչպես տեղեկացրել էինք, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Հրդեհաշիջման աշխատանքներին օպերատիվորեն ներգրավվել են նաև ՆԳՆ Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և ոստիկանության Գվարդիայի ծառայողներ։
Ըստ նախնական տվյալների՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներ և հարակից տարածքում գտնվող բենզալցակայան։