Քանի որ իրավիճակը դինամիկ զարգացում է ունենում, ամեն օր բան է փոխվում: Ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա որոշակի ապրանքախմբերի՝ Ռուսաստանից Հայաստան արտահանելու վերաբերյալ ես գիտեմ, որ հայտեր էին գեներացվում: Ըստ էության, ստացվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել և Ադրբեջանով Հայաստան հասնելու համար, մինչդեռ Ղազախստանի ի սկզբանե նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել: Մինչև հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ ենթադրում եմ, որ գուցե թե էլի շարժակազմեր լինեն. նկատի ունեմ՝ իրավիճակն անընդհատ փոխվում է, նորանոր հայտեր են առաջանում: Հիմա պետք է նաև գործնականում պարզվի, թե արդյոք հակառակ ուղղությամբ էլ ապրանքներ ինչպե՞ս են հոսելու, այսինքն՝ Հայաստանից Ադրբեջանով դեպի Ռուսաստան, Ղազախստան, այլ երկրներ: Համոզված եմ, որ հընթացս հանրությունը այդ տեղեկատվությունը կիմանա:
Ես կարծում եմ, որ իրոք շատ մեծ և կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: Պետք է իմ գոհունակությունը կրկին արտահայտեմ դրա վերաբերյալ և ևս մեկ անգամ արտահայտեմ մեր պատրաստակամությունը՝ Մարգարա-Կոռնիձոր և հակառակ երթուղով ապահովելու թուրքական և ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա:
Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, գիշերը ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։