Իմ խորին համոզմամբ՝ խաղաղությունը հնարավորություն է տալիս Հայաստանին և Ադրբեջանին էականորեն ավելացնել իրենց ինքնիշխանությունը: Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա դասագրքային բան է՝ որևէ հակամարտություն պարարտ հող է ստեղծում երրորդ երկրների կամ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից իրենց շահերը հետապնդել այդ հակամարտության մեջ, ուժեղացնել իրենց լծակները հակամարտության կողմերի վրա: Խաղաղությունը, ի թիվս այլ բաների, հնարավորություն է տալու և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ուժեղացնել ու ամրապնդել իրենց ինքնիշխանությունը»,- ասաց ԱԳ նախարարը:
Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ աշխարհում չեն էլ եղել պետություններ, որոնք բացարձակ անկախ են, քանի որ երկրները միմյանց հետ փոխկապակցված են առևտրային և այլ կապերով, սակայն դա պետք չէ բացասական իմաստով ընկալել, այդ փոխկապակցվածությունը երկրների ու հասարակությունների զարգացման մեխանիզմներից մեկն է:
«Քաղաքական, ռազմավարական իմաստով մենք կարողանալու ենք և արդեն կարողանում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, բայց մյուս կողմից՝ իհարկե, այդ բազմաթիվ փոխկապակցվածությունները մեկը կարող է համարել ճիշտ հակառակը՝ ինքնիշխանության պակաս»,- ասաց Միրզոյանը: