Խաղաղության պայմանագրի ստորագրման համար ցանկություն և կամք են պետք ադրբեջանական կողմից, և կարծում ենք՝ մոտ ենք մենք դրան: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անել պայմանագրի ստորագրման համար:
Անդրադառնալով նախապայմանների թեմային՝ կապված Սահմանադրության փոփոխության հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դուք ասում եք «նախապայման», իսկ ես կարող եմ ասել, որ դա անհանգստություն է: Այսինքն՝ դուք այդ ձևակերպումը չեք տալիս, բայց իրականում այն, ինչի մասին խոսում եք, ադրբեջանական կողմի անհանգստությունն է, որովհետև իրենք անհանգստանում են: Ինչի՞ համար են նրանք դա ուզում: Նրանք դա ուզում են այն բանի համար, որ թղթերով ամեն ինչ ճիշտ լինի, թղթերով ամեն ինչ ֆիքսված լինի, որովհետև կյանք է, կարող է ամեն բան լինել, որպեսզի ապահովագրեն, որ վաղը-մյուս օրը նոր պատերազմ, նոր պատերազմի առիթ չլինի, որն իրականում լավ ցանկություն է: Այլ հարց է, որ մենք, մեր կողմը համարում են, որ նման հարց բարձրացնելը տեղին չէ, և որ այդ հարցը լուծված է»:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանն ամեն ինչ, նույնիսկ իր ուժերից վեր ամեն ինչ արել է, որ տարածաշրջանում խաղաղությունը լինի, և որ տարածաշրջանում, այնուամենայնիվ, փխրուն, բայց հաստատվել է այդ խաղաղությունը, և հիմա պետք է շարունակել:
«Մենք ամեն ինչ արել ենք և ամեն ինչ անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի ձևով լինի, բայց դրանից ավելի հողի վրա խաղաղություն լինի, որովհետև մենք Վրաստանի հետ, օրինակ՝ խաղաղության պայմանագիր չունենք, բայց մենք խաղաղության մեջ ենք նրանց հետ:
Մեզ ժամանակ է պետք: Մեզ ժամանակ է պետք, որ եթե ինչ-որ պահի Ղարաբաղի բնակիչները, ինչ-որ մարդ ուզենա վերադառնալ այնտեղ, վերադառնա այնտեղ: Տեսե՛ք, անհավանական բան է, գրեթե երկու տարի է՝ մենք իրար վրա այլևս չենք կրակում: Նման բան անկախությունից ի վեր չի եղել: Ժամանակ է պետք, խնդրում եմ, հասկացե՛ք»,- ասաց նա: