Կան, այնուամենայնիվ, հարցեր, որոնք այս պահի դրությամբ լուծված չեն կամ դժվարությամբ են լուծվում, կամ գնահատվում են որպես առավել դժվարլուծելի, և այստեղ մենք անպայմանորեն պետք է նշենք Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցը մյուս հումանիտար հարցերի կողքին, ինչպես, օրինակ, անհայտ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Կան բազմաթիվ այլ հարցեր, և եթե ինձ հարցնեիք (իմ մասնավոր դիտարկումը, դիրքորոշումն այս մասին), այնուամենայնիվ, մեծ խոչընդոտ է, բարդություն է, հետք է, նաև կոնֆլիկտի բնական, օբյեկտիվ հետք է, որի հարթման ուղղությամբ դեռ ջանքեր պիտի գործադրվեն ու գործադրվեն: Դա, անշուշտ, երկու հասարակություններում միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումներն են: Դա կրկին՝ օբյեկտիվորեն՝ հաշվի առնելով նաև թշնամանքի և արյան պատմությունը, որը կա երկու երկրների միջև:
Բայց մենք, հավատալով այն ամեն ինչին, հավատալով նաև անհրաժեշտությանը՝ ՀՀ-ի շուրջ խաղաղ համագործակցային մթնոլորտի [ստեղծման], միջավայրի ձևավորման, քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը»,- ասաց նա: