Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ:
Ողջունելով Երևանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով մեր երկիր ժամանած հյուրին՝ Արման Եղոյանը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը:
Քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնվող փոխգործակցությանն ու մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին առնչվող հարցեր:
Եվրոպացի պատվիրակը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է «Ժողովրդավարության աջակցման և ընտրությունների համակարգման խմբի» (DEG) առաջատար երկրների ցանկում: Նշվել է, որ DEG-ի գործունեության նպատակն է խթանել խորհրդարանական դիվանագիտությունը, զարգացնել գործընկեր խորհրդարանների կարողությունները և նպաստել հաշվետու ու թափանցիկ կառավարման մշակույթի ձևավորմանը: