Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի 27-րդ նիստի շրջանակում Պանամայում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Կալիից Բելեմ-համահունչ գործունեություն կենսունակ մոլորակի համար» խորագրով հանդիպմանը՝ ներկայացնելով Հայաստանի առաջնահերթությունները և դիրքորոշումները։
Ելույթում նախարարի տեղակալը շեշտել է, որ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորուստի և հողերի դեգրադացիայի մարտահրավերները փոխկապակցված են․ դրանց արդյունավետ հաղթահարման միասնական մոտեցումն այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։ Այդ համատեքստում նա ընդգծել է Կունմին-Մոնրեալ համաշխարհային շրջանակի դերակատարումը որպես ընդհանուր նպատակների և համահունչ քաղաքականությունների ճանապարհային քարտեզ։
Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող քայլերը՝
-կենսաբազմազանության ազգային ռազմավարության ինտեգրումը կլիմայական և հողային քաղաքականությունների հետ,
-հաշվետվությունների համակարգերի պարզեցման և համադրման նկատմամբ Հայաստանի աջակցությունը,
-ներառական և կանխատեսելի բնապահպանական ֆինանսավորման կարևորությունը, հատկապես՝ փոքր տնտեսությունների համար։
«Կալիից Բելեմ և Բելեմից դեպի Երևան, մեր նպատակը մեկն է՝ ամրապնդել միջազգային համագործակցությունը և դարձնել բնապահպանական քաղաքականությունը գործողություն»,-նշել է Արամ Մեյմարյանը՝ ընդգծելով ՀՀ պատրաստակամությունը արդյունավետորեն վարելու COP17 համաժողովի նախագահությունը։