Հայաստանի ավիացիոն քարտեզն ընդլայնվում է. արդեն իսկ հնարավոր է Գյումրիից ուղիղ չվերթով հասնել Եվրամիություն:
Երևանից շարունակաբար ավելանում են նոր ուղղությունները: Եվ առաջընթացին էապես նպաստել է ապրիլին ՀՀ կառավարության ընդունած որոշումը նոր ուղղություններ հիմնողներին պետական աջակցություն հատկացնելու մասին:
Էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ՝ մի կողմից՝ Հայաստանն է աշխարհին հասանելի դառնում, մյուս կողմից՝ Հայաստանի քաղաքացիների համար աշխարհն է հասանելի դառնում:
Նոր ուղղություններին զուգահեռ՝ մեր երկրում բազավորվեց խոշոր միջազգային ավիաընկերություն: Սա էլ, ըստ Գևորգ Պապոյանի, վկայում է Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ միջազգային վստահության մասին:
Ակնկալվում է, որ առաջիկայում նոր երթուղիների բացման տեմպն արագանալու է. դրան կարող է նպաստել Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի հավաստմամբ՝ այդ ուղղությամբ լուրջ քայլեր են արվել, և շատ շուտով Հայաստանը դուրս կգա «սև ցուցակից»:
Թեման ուսումնասիրել և պատասխանատուների հետ զրուցել է Քրիստինե Թորոսյանը։