Եվրամիությունը ողջունում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սյունիքում լրագրողների հետ զրուցում հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Եվրամիությունը վերաբերվում «Թրամփի ուղի» նախագծին։ Դեսպանն ընդգծել է՝ Եվրոպան պատրաստ է ներդրումներ կատարել նաև այս ենթակառուցվածքային նախագծի շրջանակում։
«Պատրաստ ենք օգտագործել մեր բոլոր հնարավոր գործիքներն ու միջոցները՝ ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում, այլև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում։ Եվրոպական միությունը այս նախաձեռնությունը ողջունել է դեռևս երկու տարի առաջ՝ դրա հայտարարումից ի վեր։ Այդ պահից Եվրամիությունը հետևողականորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին։ Մենք հավատում ենք, որ խաղաղությունը մոտ է, ու թեև դեռ բազմաթիվ մանրամասներ պետք է հստակեցվեն, մենք այստեղ ենք՝ որպես Հայաստանի, հայ ժողովրդի և կառավարության հուսալի գործընկեր՝ աջակցելու այս կարևոր գործընթացին»,- ասել է դեսպանը։