ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Կիպրոսի միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ուղղություններով համագործակցության խորացման կարևորությունը։
Ժաննա Անդրեասյանը դեսպան Մավրոսին ներկայացրել է հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» միջոցառման մանրամասները։
Դեսպան Մավրոսը բարձր է գնահատել Կիպրոսի և Հայաստանի համագործակցության ներուժը՝ հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում։ Նա ընդգծել է կիպրական կողմի հետաքրքրությունը՝ ուսումնասիրելու հայկական փորձն այս ուղղությամբ։
Անդրադառնալով կրթական համագործակցության խորացմանը՝ դեսպան Մավրոսը տեղեկացրել է, որ Կիպրոսի Հանրապետության մի շարք համալսարաններ 2026-2027 ուսումնական տարում նախատեսում են կրթաթոշակային ծրագրեր ՀՀ քաղաքացիների համար։ Կրթաթոշակները կտրամադրվեն բակալավրիատի մակարդակում՝ տարբեր ակադեմիական ուղղություններով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի, զբոսաշրջության և հնագիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով առկա մեծ ներուժը և փոխադարձ հետաքրքրությունը։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր՝ նպատակ ունենալով ընդլայնել Հայաստանի և Կիպրոսի միջև համագործակցության շրջանակները։