Հոկտեմբերի 16-ին Գորիսում պաշտոնապես բացվել է ավագ սերնդի կենտրոն․ այն ապահով և կյանքով լի տարածք է ստեղծում տարեցների համար, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանվածների՝ սովորելու, ստեղծագործելու և միմյանց հետ հաղորդակցվելու նպատակով։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում Եվրոպական միությունը:
«Կենտրոնը հիմնադրվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ։ Այն յուրաքանչյուր սերնդի նկատմամբ հարգանքի և համայնքային ոգու տոկունության մարմնավորումն է։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: