Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստում քննարկվել են ոլորտային խնդիրներ ու հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքներին վերաբերող ու հասարակական կյանքում առավելագույն ներգրավվածություն ապահովելու հարցեր: Նիստին ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրյալ անձինք:
«Բոլորիս ներկայությունը, հանձնաժողով ունենալու անհրաժեշտությունը փաստում է, որ որքան էլ իրականացվեն օրենսդրական բարեփոխումներ, այնուամենայնիվ, իրականության մեջ մնում են հարցեր, որոնք դեռ չունեն լուծումներ, կամ արդյունավետորեն չի կիրառվում առկա գործիքակազմը: Յուրաքանչյուր համախմբում առկա խնդիրների քննարկման շուրջ միտված է գտնելու համարժեք լուծումներ»,- նշել է նիստը վարող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի տարբեր ծրագրերով իրագործված ու ընթացիկ աշխատանքները, որոնք միտված են Երևանն առավել հարմարավետ ու մատչելի դարձնելուն, ինչպես նաև հավասար իրավունքների իրացմանը:
Նիստի ընթացքում շահագրգիռ հասարակական կազմակերպություններն իրենց հերթին ներկայացրել են ոլորտային այն խնդիրները, որոնք դեռևս լուծման անհրաժեշտություն ունեն: Դրանք կդիտարկվեն ապագա ծրագրերում: