Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնն անցկացրել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ինչպես ուսումնական հաստատությունների անձնակազմի և սաների իրազեկվածության բարձրացմանը, այնպես էլ փրկարարների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:
Ինժեներասակրավորային առարկայի շրջանակում տեսական և գործնական պարապմունքներ են անցկացվել Երևանի «Հերացի» ավագ դպրոցում, որոնց մասնակցել են 125 աշակերտ և ուսուցիչ։ Մասնակիցները ծանոթացել են հանրապետության տարածքում առավել հաճախ հանդիպող ականների և պայթուցիկ նյութերի տեսակներին, դրանց հայտնաբերման դեպքում անվտանգության պահպանման հիմնական կանոններին, ինչպես նաև 911 ահազանգելու կարգին։

Միջոցառման նպատակը նմանատիպ իրավիճակներում խուճապի չմատնվելը, արդյունավետ ու անվտանգ գործողություններ իրականացնելն ու պատշաճ արձագանք ապահովելն էր։
Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի նախաձեռնությամբ Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվել է նաև հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Սակրավորական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում՝ սակրավորների ներգրավմամբ» խորագրով։
.jpg)
Ուսումնավարժության նպատակը չպայթած զինամթերքի հայտնաբերման և չեզոքացման ժամանակ փրկարարական ծառայողների գործողությունների հմտություններն ամրապնդելն էր, ինչպես նաև նմանատիպ առարկաներ հայտնաբերելու դեպքում ուսուցիչներին և աշակերտներին ճշգրիտ վարվելականոններ սովորեցնելը:
Ցուցադրվել են սակրավորական աշխատանքների հիմնական փուլերը, ներկայացվել է համապատասխան տեխնիկայի և սարքավորումների կիրառման գործընթացը։
Մարտական բարձր պատրաստականության և տեսական-գործնական գիտելիքների ամրապնդման նպատակով իրականացվել է մարտական հրաձգություն՝ ստուգողական վարժություն զորատեսակների համար:

Նմանօրինակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ՝ արդյունքում նպաստելով ինչպես բնակչության պատրաստվածության բարձրացմանը, այնպես էլ փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը։