Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 35-ամյակը։ Այդ առիթով կազմակերպված տոնական միջոցառմանը թանգարանի աշխատակիցներին շնորհավորել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ մաղթելով ստեղծագործական ու գիտական նոր ձեռքբերումներ։ Կոմիտեի ղեկավարը նշել է, որ թանգարանն անցել է կայացման և զարգացման ճանապարհ՝ իր շուրջ ձևավորելով մասնագիտական յուրահատուկ միջավայր։ Նրա դիտարկմամբ՝ հաջողությունների գրանցման այդ ճանապարհը հարթել են իրենց գործի նվիրյալ աշխատակիցները։
Հոբելյանական միջոցառման շրջանակում բացվել է «Նմուշներ Հայաստանի ճարտարապետության գանձարանից» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացված են թանգարան-ինստիտուտի պահոցում առկա հայ ճարտարապետության ժառանգության նմուշները։
Թանգարան-ինստիտուտի 35-ամյակի կապակցությամբ թանգարանի երկարամյա մի քանի աշխատակիցներ և աջակիցներ պարգևատրվել են հուշամեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով։
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն, այժմ՝ գիտահետազոտական բաժնի ղեկավար Աշոտ Գրիգորյանը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը, հաղթահարված դժվարությունները, իսկ ներկայիս տնօրեն Զարուհի Հայրապետյանն անդրադարձել է առաջիկա ծրագրերին։