Ուկրաինական պատվիրակությունը՝ նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակի գլխավորությամբ, Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի և Եվրոպայի համար երկարաժամկետ անվտանգության ճարտարապետության տեսլականը և այն քայլերը, որոնք կարող են ստիպել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։ Բացի դրանից՝ քննարկվել է Վաշինգտոնում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը:
Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է ռազմադաշտում անցնել հարձակման: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է որոշում ընդունի այդ առնչությամբ: Հոկտեմբերի 17-ին Թրամփ-Զելենսկի հանդիպման օրակարգի գլխավոր թեմաներից մեկը լինելու է Կիևին հեռահար Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումը:
Այս ընթացքում Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Կիևում օդային տագնապի ազդանշաններ են հնչել: Պոլտավայում պայթյուններ են լսվել: Նեժին քաղաքում անօդաչուների հարվածից բազմաբնակարան շենքում մեկ մարդ է վիրավորվել:
Ռուսաստանն էլ հայտնել է շուրջ 50 ուկրաինական անօդաչու խոցելու մասին: Վոլգոգրադի նահանգապետը հայտնել է զանգվածային հարձակման մասին: Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը: Սամարայի և Սարատովի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել: Վորոնեժում էլ մի քանի բնակավայր մնացել է առանց էլեկտրականության:
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: