ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 16-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների:
Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:
Նախաձեռնությամբ ուժեղացվում են համայնքներում երեխաների պաշտպանության իրականացման հիմքերը՝ վարձատրվող մասնագիտական գործառույթի և համակարգի ներդրման միջոցով, սահմանվում են համայնքում սոցիալական աշխատողների միջոցով իրականացվող հստակ լիազորություններ, որոնք ընդգրկում են երեխայի պաշտպանության դեպքերի բացահայտումը, գնահատումը, մշտադիտարկումը և կանխարգելումը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:
Մասնավորապես, նախագծով ավելանում են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները: Վերջինս իրականացնում է մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ հարցերով հետազոտություններ, որոնց արդյունքների հիման վրա եւս կարող է հանդես գալ արտահերթ զեկույցներով կամ հաղորդումներով:
Պաշտպանին տրվում է հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու լիազորություն, խթանելու մարդու իրավունքների միջազգային չափանիշներին ՀՀ օրենսդրության և դրա կիրարկման համապատասխանեցումը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:
Փաթեթի ընդունման արդյունքում ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի պարտավորություն՝ կրելու էլեկտրոնային հսկողության միջոց, ինչպես նաև կնախատեսվի պատասխանատվություն՝ էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու դեպքում:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հանձնաժողովն ընդունել է «Մարդու իրավունքի պաշտպանության ոլորտում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին» որոշումը: Ըստ այդմ՝ հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող օրենքների կատարման ընթացքի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու, անհրաժեշտ տեղեկատվության ստացման և վերլուծության նպատակով 2025 թ. կիրականացվեն այցելություններ ՔԿՀ-եր, մանկատներ, խնամքի կենտրոններ եւ զորամասեր: