«Կլիմայի մասին» օրենքի նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներում ՀՀ-ի, մարզպետների, համայնքների, ՀՀ-ի և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և ֆիզիկական անձանց միջև հարաբերությունները: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 15-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այն ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:
Զեկուցողի տեղեկացմամբ՝ օրենքի նպատակն է իրավական հիմքեր ապահովել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման և իրականացման համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների և հանձնառությունների, կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման և իրականացման համար՝ ներառյալ կլիմայի փոփոխության հետևանքներից բնակչության, տնտեսության և ենթակառուցվածքների պաշտպանությունը և դրանց դիմակայունության ամրապնդումը:
Օրենքի խնդիրներն են՝ ձևավորել կլիմայական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունքների գնահատման, այդ գործընթացների համակարգման և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգը, ամրագրել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, նպաստել կլիմայական քաղաքականության իրականացման համար կայուն ֆինանսական հոսքերի ձևավորմանը՝ գործող և նորարարական մեխանիզմների շարունակական կիրառման միջոցով:
Հիմքեր ապահովել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ընդունված Փարիզյան համաձայնագրով նախատեսված թափանցիկության ընդլայնված շրջանակին համապատասխան չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի կայացման և շարունակական զարգացման համար, նպաստել շրջակա միջավայրի, բնակչության, մարզերի, համայնքների, տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների կարողությունների զարգացմանը՝ հարմարվելու կլիմայի փոփոխության ազդեցությանը և բարձրացնելու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի տեղեկացմամբ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերի՝ տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական նշանակության հողերի, ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով (ելնելով վերջիններիս ծավալներից) երկարաժամկետ վարձակալության տրամադրման գործընթացները:
Հիմնական կարգավորումներն՝ այստեղ:
Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: