«ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ հանդիպու ունեցանք COP17-ի կազմակերպման ու անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի ոլորտային ներկայացուցիչների հետ»,- սոցցանցում գրել է Համբարձում Մաթևոսյանը:
Շրջակա միջավայրի նախարարը գործընկերոջ հետ քննարկել են համաժողովի նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես` ենթակառուցվածքների բարելավման և միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Մերիդիան» էքսպոկենտրոնի ղեկավարների հետ համագործակցությանը։ Քննարկվել է կենտրոնի վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացքը, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին և լիարժեքորեն սպասարկի COP17-ի պահանջներին։
Նախարարը նաև նշել է, որ միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում նախատեսվել է վերաբաշխում․ 5775.0 մլն դրամ կուղղվի COP17 համաժողովի կազմակերպման աշխատանքներին։ Այս միջոցները կծախսվեն «Մերիդիան» էքսպոկենտրոնի բարեկարգման և տեխնիկական հագեցման վրա։
«Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես պատասխանատու, ժամանակակից ենթակառուցվածքներով և բնապահպանական արժեքները հստակ կիսող երկիր՝ բարձր մակարդակով կազմակերպելով COP17 համաժողովը»,- գրառման վերջում նշել է նախարարը։