Հնդկաստանի կառավարության, Գոայի նահանգային կառավարության և ՄԱԿ-ի Հնդկաստանի գրասենյակի հրավերով հոկտեմբերի 9-12-ը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը մասնակցել է «International Purple Fest 2025» փառատոնին։ Փառատոնի նպատակն էր խթանել ներառականությունը և մատչելիությունը։
«Միջոցառման շրջանակում, որպես խոսնակ, մասնակցել եմ պանելային քննարկումներին, որոնք նվիրված էին հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցությանը, ունիվերսալ դիզայնին և առողջապահական ծառայությունների մատչելիությանը։ Քննարկումների ընթացքում ներկայացրել եմ հայաստանյան փորձը, անդրադարձել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին։
Շեշտել եմ ներառման և մատչելիության գործընթացների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև տեղական և միջազգային մակարդակներում փորձի փոխանակման կարևորությունը։
Փառատոնը ուղեկցվում էր ցուցահանդեսներով, մշակութային ծրագրերով, օժանդակ տեխնոլոգիաների և նորարար լուծումների ցուցադրություններով, ինչպես նաև տարբեր ժամանցային միջոցառումներով»,- գրել է նա։