Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շարմ Էլ Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին և Եգիպտոս կատարած այցից տեսանյութ հրապարակել։
Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Պատիվ էր ԱՄՆ նախագահի կողմից հրավիրվել և մասնակցել Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին»։
Գագաթնաժողովի մասնակիցներին դիմավորել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, այնուհետև երկրների ղեկավարներին ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների համատեղ տեսալուսանկարահանման արարողություն։
Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիր, որը ստորագրել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին։
Ստորագրման արարողությունից հետո ԱՄՆ և Եգիպտոսի նախագահները հանդես են եկել հայտարարություններով։
Նշենք՝ միջոցառման շրջանակում վարչապետը կարճատև
զրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ: