Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Վաղ գործողությունների աջակցություն՝ «Կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի» համատեքստում» ծրագրի ավարտական աշխատաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Ծրագիրը նպատակ ուներ աջակցել «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմ երկրներին՝ 2020-ից հետո գլոբալ շրջանակի վաղ միջոցառումների նախապատրաստման և իրականացման ուղղությամբ։ Այն ներառում էր ազգային թիրախների, կենսաբազմազանության ռազմավարության, մոնիթորինգի և ֆինանսավորման համակարգերի վերանայման գործընթացը՝ ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են իրականացված աշխատանքները, սահմանված ազգային նպատակներն ու թիրախները։
Պանելային քննարկումների ընթացքում շեշտվել է կենսաբազմազանության ռազմավարական պլանավորման և Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների կարևորությունը՝ ոլորտային համագործակցության ու ազգային ռազմավարության արդյունավետ իրագործման համատեքստում։