Ազատ է արձակվել Բաքվում ավելի վաղ ձերբակալված «Սպուտնիկ Ադրբեջանի»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Կարտավիխի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Մոսկվան էլ ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին։ Այդ հարցով բանակցությունները հիմնականում տեղի են ունեցել նախագահների օգնականների մակարդակով, վերջնական որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են հոկտեմբերի 9-ին՝ Տաջիկստանում, ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում: Կողմերն անդրադարձել են անցած տարի «Ադրբեջանական ավիաուղիների»՝ Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռի վթարին, որի հետևանքով 38 մարդ էր զոհվել: Պուտինն ընդունել է, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական ՀՕՊ հրթիռների բեկորներից: Նախագահները քննարկել են նաև երկու երկրում ձերբակալված իրենց քաղաքացիների հարցը:
Մեկնաբանելով Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները՝ Պուտինը հայտարարել է՝ չի կարծում, որ միջպետական երկկողմ հարաբերություններում ճգնաժամ է եղել. Կրեմլի ղեկավարը նշել է, որ ուղղակի պետք չէ տրվել զգացմունքներին: Նա հույս է հայտնել, որ Բաքվի հետ հարաբերություններում նոր էջ է բացվել:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան