Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 3-րդ տուրում Հայաստանի ընտրանին արտագնա խաղում պարտվեց Հունգարիայի հավաքականին 2։0 հաշվով։
Խաղից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է՝ շատ է ափսոսում պարտության համար:
«Մենք հնարավորություն ունեինք միավոր վաստակելու, բայց, ցավոք, չկարողացանք օգտվել դրանից: Շատ եմ ափսոսում, քանի որ բավականաչափ գոլային պահեր ստեղծեցինք: Մրցակիցը ցուցադրեց իր որակյալ ֆուտբոլը: Խաղը շատ հետաքրքիր էր, և ես շնորհավորում եմ նրանց: Մենք կվերլուծենք այս խաղը, կմոռանանք պարտությունը և կպատրաստվենք Իռլանդիայի դեմ առաջիկա հանդիպմանը»,-նշել է նա:
Մելիքյանն ընդգծել է՝ թիմը հստակ գիտեր, թե ինչ է անում․ «Շատ բան մեզ մոտ ստացվում է, իսկ այն, ինչ չստացվեց, դրա վրա կաշխատենք: Սա ֆուտբոլ է, և մենք ընդունում ենք արդյունքը:
Մեր թիմում բացակայում է դասական «9 համար» հարձակվող, ով կարող է կայուն գոլեր խփել եվրոպական մակարդակով, ինչպես դա անում են մեր մրցակիցները: Այնուամենայնիվ, տակտիկայի, ցանկության և կարգապահության շնորհիվ մենք ստեղծում ենք գոլային պահեր: Այսօրվա հիմնական խնդիրներից մեկը հենց գոլ խփելու անկարողությունն էր»։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին Դուբլինում տեղի կունենա Իռլանդիա-Հայաստան խաղը։ Մեկնարկը Երևանի ժամանակով 22։45-ին է։