Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագրի առաջին փուլին: Այդ ընթացքում կվերադարձվեն Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդները, Իսրայելը զորքերը կհեռացնի մինչև համաձայնեցված գիծը, և ազատ կարձակվեն որոշ պաղեստինցի բանտարկյալներ: ԱՄՆ նախագահը նշել է, որ պատանդներն, ամենայն հավանականությամբ, կվերադարձվեն հոկտեմբերի 13-ին: Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ կստեղծվի խաղաղության խորհուրդ, որը կզբաղվի տարածաշրջանում տևական խաղաղության պահպանմամբ: Նա նաև հայտնել է, որ առաջիկա օրերին նախատեսում է այցելել Իսրայել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ ձեռք բերված համաձայնությունը դիվանագիտական հաջողություն է և ազգային ու բարոյական հաղթանակ իր երկրի համար: Միևնույն ժամանակ, Իսրայելի զինված ուժերը զինծառայողներին հրահանգել են պատրաստ լինել ցանկացած սցենարի, նաև պաղեստինցիներին զգուշացրել են չվերադառնալ անկլավի հյուսիս:
ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին և բոլոր ներգրավված միջնորդներին՝ Կատարին, Եգիպտոսին և Թուրքիային:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնությունը ողջունել են Բրիտանիայի, Կանադայի, Հնդկաստանի, Պակիստանի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի վարչապետները, Արգենտինայի նախագահը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Համաձայնության որոշ մանրամասներ, սակայն, դեռևս անհայտ են, մասնավորապես՝ ով կկառավարի Գազայի հատվածը պատերազմի ավարտից հետո, և ինչպիսին կլինի ՀԱՄԱՍ-ի ճակատագիրը:
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին: Այդ օրը ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման և դրան հաջորդած մարտերի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, 251-ը գերեվարվել: 48 պատանդ դեռ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ: Նրանցից 20-ն, ամենայն հավանականությամբ, ողջ է: Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավում զոհվել է ավելի քան 67 000 մարդ:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: