Հոկտեմբերի 6-ին Շարմ էլ Շեյխում սկսվել են անուղղակի բանակցություններ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունների միջև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի իրականացման վերաբերյալ: Առաջնահերթությունները իսրայելցի պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցումն են։
Ըստ լրատվամիջոցների՝ նախօրեին սկսված անուղղակի բանակցությունների առաջին օրը հաջող է անցել: Եգիպտացի անանուն պաշտոնյան Associated Press-ին հայտնել է, որ կողմերը համաձայնության են եկել ԱՄՆ նախագահ Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլի պայմանների զգալի մասի շուրջ, այդ թվում՝ պատանդների ազատ արձակման և հրադադարի վերաբերյալ։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել Եգիպտոսում ամերիկյան և արաբական միջնորդների օգնությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածի ու Մերձավոր Արևելքի խաղաղության շուրջ ընթացող բանակցություններում:
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խոսնակը The Times of Israel-ին ասել է, որ «լավատեսություն կա, բայց շատ զգուշավոր», նախազգուշացնելով, որ ՀԱՄԱՍ-ը կարող է լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել ու ցանկացած պահի նահանջել»։
Գազայի հատվածից վերջին իսրայելցի պատանդի ազատ արձակումը պետք է համընկնի անկլավից Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ամբողջական դուրսբերման հետ՝ հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անանուն ներկայացուցիչը Al Jazeera հեռուստաալիքին:
Նշվում է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ Եգիպտոսում ընթացող բանակցությունների երկրորդ օրը կենտրոնացած է եղել անկլավից ՑԱՀԱԼ-ի դուրսբերման վերաբերյալ քարտեզների և պատանդների ազատ արձակման ժամանակացույցի ստեղծման վրա։