Ադրբեջանի և Հայաստանի միջև երկու ամիս առաջ Սպիտակ տանը խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։
Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Ալիևը նշել էլ որ այն մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ՝ ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում։
Միջոցառմանը մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ ասել է, թե Անկարան Ադրբեջանի և Հայաստանի Վաշինգտոնի հռչակագիրը դիտարկում է որպես դրական քայլ և հույս ունի խաղաղության գործընթացում հետագա առաջընթացի՝ Հարավային Կովկասում։ Նրա խոսքով՝ Թուրքիան կարող է ներդրում ունենալ տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման գործում։ «Մենք պետք է Միջին միջանցքի նախագիծը դարձնենք էլ ավելի արդյունավետ»,- նշել է Էրդողանը։
Գագաթնաժողովի մասնակից երկրներից Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի նախագահները նույնպես ողջունել են Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումը և այն համարել կարևոր քայլ՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին: