Երևանի քաղաքապետարանն այս շաբաթ առաջարկությամբ հանդես եկավ՝ սահմանափակել բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի օգտագործումը դպրոցներում:
Այս առաջարկը, իհարկե, դեռ իրավական ուժ չի ստացել, ստանալուց հետո էլ նախատեսվում է փորձնական կիրառել 15 դպրոցում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետազոտության համաձայն՝ հեռախոսները շեղում են սովորողների ուշադրությունը, ազդում նրանց հոգեկան առողջության վրա:
Կրթական գերատեսչությունը, մինչդեռ, ընդունելի չի համարում սմարթֆոնների օգտագործումը դպրոցներում ամբողջությամբ արգելելը:
Կրթության փոխնախարարը կարծում է, որ տեխնոլոգիական այս դարում նման արգելքը ճիշտ չէ, բացի այդ, բազմաթիվ առարկաների պարագայում սմարթֆոնը աշխատանքային գործիք է՝ գրքերում եղած QR կոդերն է բացում:
Բայց որպեսզի հեռախոսը խոչընդոտ չդառնա դասապրոցեսին երեխայի ակտիվ մասնակցության համար, խնդիրը թողնված է դպրոցների ներքին կանոնակարգմանը և աշակերտների գիտակցությանը:
«Լուրերի» հետ զրույցում բարձր դասարանների աշակերտներն ու մանկավարժները վստահեցրել են, որ պատասխանատվության գիտակցումը կա, և դասարանում խնդիր չի առաջանում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան