91 տարեկանում մահացել է լեգենդար բրիտանացի պրիմատոլոգ, էթոլոգ և անթրոպոլոգ Ջեյն Գուդոլը: Նա մեծագույն ներդրում ունի շիմպանզեների ընտանեկան և սոցիալական փոխհարաբերությունների ուսումնասիրման գործում։
Գուդոլը տևական ժամանակ Աֆրիկայում ապրել է շիմպանզեների հետ և իր ուսումնասիրությունների ժամանակ արձանագրել, որ կենդանիները օգտագործում են գործիքներ և կատարում են մարդուն բնորոշ տարբեր գործողություններ՝ դրանով իսկ կոտրելով մինչ այդ գոյություն ունեցած կարծրատիպը, թե նմանօրինակ արարքները բնորոշ են միայն մարդկանց։
Նրա հետազոտությունները 1960-ականներին ոչ միայն վերափոխեցին ընկալումները մարդու մերձավոր ազգական շիմպանզեի նկատմամբ, այլև ի ցույց դրեցին, որ բոլոր կենդանիների խմբերում կան էմոցիոնալ և սոցիալական բարդ հարաբերություններ։