ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հարթակի ղեկավար Ջոլանտա Տաչինսկայի և հարթակի ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին` Մերի Գալստյանը կարևորել է համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում հարթակի դերակատարությունն ու գործադիր մարմիններին տրամադրվող տեխնիկական աջակցությունը:
Հանձնաժողովի փոխնախագահը բարձր է գնահատել հարթակի դերակատարությունն այս գործընթացում` կարևորելով այն որպես երկխոսության և վերահսկողության արդյունավետ միջոց: Պատգամավորը ներկայացրել է համաձայնագրի կիրարկման ընթացքը, մշտադիտարկման և խորհրդարանական քննարկումների արդյունքները` մատնանշելով այն ոլորտները, որտեղ հավելյալ կարողությունների անհրաժեշտություն կա:
Հյուրերն անդրադարձել են համաձայնագրի իրականացման ընթացքին` ներկայացնելով մինչ այժմ կատարված աշխատանքները և առանձնացնելով այն ոլորտները, որտեղ առկա է տեխնիկական աջակցության անհրաժեշտություն: Կարևորվել են ոչ միայն համաձայնագրի վերաբերյալ հանրային իրազեկումը, այլև այն բարեփոխումները, որոնք արդեն իսկ տվել են տեսանելի և կոնկրետ արդյունքներ:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը շարունակելու և ավելի խորացնելու` նպատակ ունենալով ապահովել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առավել արդյունավետ իրականացումը: