Հոկտեմբերի 1-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նախագահել է Հանձնաժողովի 2025 թ. թեմատիկ քննարկումները։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից:
Թեմատիկ քննարկումները նվիրված են թմրամիջոցների օգտագործման կանխարգելմանը որպես հանրային առողջապահության հիմնական բաղադրիչ, վարակիչ հիվանդությունների տարածման և նոր հոգեակտիվ նյութերի ազդեցության վտանգներին, ինչպես նաև վերահսկվող դեղամիջոցների հասանելիության խնդիրներին։
ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի թեմատիկ քննարկումները կառուցվածքային երկխոսության հարթակ են, որոնք թույլ են տալիս անդամ պետությունների փորձագետներին, ՄԱԿ մասնագիտացված մարմիններին, քաղաքացիական հասարակությանը և այլ շահագրգիռ կողմերին՝ քննարկել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության ոլորտի առկա և զարգացող մարտահրավերները, փոխանակվել դրա դեմ պայքարի առաջադեմ փորձով, այդ թվում՝ միջազգային հիմնական պարտավորությունների կատարման համատեքստում։