Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Ռուս-ուկրաինական և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության համատեքստում Հունգարիայի ներկայացուցիչը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը:
«Վերջին երկու ամիսներին եղել են նաև դրական զարգացումներ: Այդ առումով հատկապես կցանկանայի շեշտել Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնությունը, որը ձեռք է բերվել Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Մենք գիտենք, որ դեռևս կան բաց հարցեր: Հուսով ենք, որ այդ հարցերը կլուծվեն այս նոր մթնոլորտում: Շատ ուրախ եմ, որ նստաշրջանի ընթացքում հնարավորություն կունենանք անձամբ ողջունելու Հայաստանի վարչապետին»,- ասել է ԵԽԽՎ-ում Հունգարիայի պատվիրակության անդամ Ցոլթ Նեմեթը:
Ցոլթ Նեմեթը նաև հույս է հայտնել, որ դիվանագիտական շփումները կնպաստեն նաև կառույցի աշխատանքներին Ադրբեջանի մասնակցության հարցի լուծմանը:
Ադրբեջանի պատվիրակությունն արդեն երկրորդ տարին է՝ չի մասնակցում կառույցի աշխատանքներին: ԵԽԽՎ-ը 2024 թվականի հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ իր այդ աննախադեպ որոշման համար նշելով մի շարք պատճառներ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, թե ԵԽԽՎ-ում «Ադրբեջանի դեմ կողմնակալ ու կեղտոտ արշավ է սկսվել»։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: