Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ նախատեսված այցի շրջանակում՝ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 26-ին եղել է «Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Այս մասին տեղեկացրել է նախարարությունը:
Հաստատության տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է կենտրոնում, շփվել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով։ ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են կենտրոնի ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր։
««Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»-ում տրամադրվող ծառայություններից օգտվում է 2-ից 18 տարեկան 100 երեխա։ Հաստատությունում գործող անհատական և խմբային թերապիաների միջոցով ապահովվում է երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը․ նաև սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի հետ՝ երեխաների իրավունքների պաշտպանության և ծնողավարման հմտությունների զարգացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։