Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն այն է, ինչ մենք միշտ աջակցել ենք և ողջունել ենք: Այժմ ևս մեր աջակցությունն ենք հայտնում և ողջունում ենք այն (Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթուղթը-խմբ.): Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Այդ հայտարարության մեջ զետեղված, ընդգծված է հինգ սկզբունք. դրանք այն սկզբունքներն են, որոնք արտահայտել ենք և մեր աջակցությունն ենք հայտնել դրանց: Այդ հինգ սկզբունքներն են՝ ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, փոխադարձության սկզբունքը, իրավազորությունը և սահմանների անխախտելիությունը:
Իհարկե, այնտեղ կային նաև անհասկանալի պահեր, սակայն երկկողմ հանդիպումների և զրույցների ընթացքում, կարող եմ ասել, որ այդ անհասկանալի պահերը վերացան»,- ասաց դեսպանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, դեռ կան անհասկանալի պահեր, որոնք վերաբերում են մանրամասներին, որոնց շուրջ քննարկում դեռ տեղի չի ունեցել:
«Այն, ինչ կարող եմ այսօր հստակ ընդգծել, այն է, որ ՀՀ կառավարությունը և իշխանությունները հստակորեն հայտարարել են, որ որևիցե գործողություն կամ քայլ չեն ձեռնարկի, որը չի բխի երկու երկրի շահերից:
Սերտ կապերի մեջ ենք ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի այդ քննարկումների և հանդիպումների ժամանակ տեղեկացված լինենք այն մանրամասների վերաբերյալ, որոնց մասին հետագայում կխոսվի:
Երկու երկրի իշխանությունների միջև կա ընդհանուր փոխըմբռնում»,- հայտարարեց դեսպանը: