ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի հանդիպմանը: Նախարարն անդրադարձել է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, հոգեկան առողջության խթանմանը և առողջապահական համակարգում ծառայությունների հավասարության ապահովմանը։
Նախարարը ներկայացրել է համակարգի ընթացիկ բարեփոխումները, անդրադարձել է նպատակաուղղված առողջ կենսակերպի խրախուսմանը, ֆիզիկական ակտիվության և առողջ սննդի ապահովմանը, ծխախոտի դեմ պայքարի ուղղություններով տարվող աշխատանքներին։
Անդրադառնալով իր ելույթին՝ նախարարը սոցցանցում գրել է.
«Շեշտադրումներ արեցի Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակներում ներդրումների մասին՝ որպես մեր ազգային ռազմավարության հիմք՝ հատկանշելով հիվանդության վաղ հայտնաբերման, համայնքային խնամքի ամրապնդման և ինտեգրված ծառայությունների հասանելիության բարելավման կարևորությունը:
Անդրադառնալով Հայաստանում հոգեկան առողջության ծառայություններին՝ կարևորեցի ինստիտուցիոնալ խնամքից ամբուլատոր աջակցության անցման ուղղությամբ տարվող աշխատանքները` շեշտը դնելով կանխարգելման, վերականգնման և սոցիալական վերաինտեգրման վրա»,- գրառման վերջում նշել է Ավանեսյանը: