Սեպտեմբերի 23-ին՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հաղորդակցությունների հարցերով տեղակալ Մելիսա Ֆլեմինգի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ներկայիս զգայուն աշխարհաքաղաքական միջավայրում ապատեղեկատվության և ատելության խոսքի կտրուկ աճի և դրանց տարածման նոր ու բազմազան ուղիների առնչությամբ: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների աջակցությունը՝ ուղղված թվային դիմադրողականության, մեդիագրագիտության և թվային պատասխանատվության ուղղությամբ համագործակցության խթանմանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարներին: Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ներգրավվելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և հանրային հաղորդակցության ոլորտներում փոխգործակցության խթանմանը և փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնություններին: