Երբ ժողովուրդը ուրախ է, բանավեճից փախչող հայտնի եռյակը տխուր է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա ժողովուրդը ուրախ է, որ խաղաղություն է, որ զինվոր չի զոհվում։
Իսկ բանավեճից փախչող եռյակը դրանից ընկճախտի մեջ է հայտնվել։ Զոհերի իրական թիվը նրանց բավարար չէ և առիթը բաց չեն թողնում զոհերի իրենց երազած թվերը բարձրաձայնելու, մանավանդ որ «թարսի պես» այդ թիվը չի ավելանում։
Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ Փաշինյանը, անդրադառնալով բանակցային գործընթացի վերաբերյալ արված իր գրառման արձագանքին, նշել էր՝ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածները։
ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները ի պատասխան հանդես էին եկել հայտարարություններով՝ մերժելով բանավեճի հրավերը։ Դրանից հետո Փաշինյանը դիմել էր ՀՀ նախկին նախագահներին՝ կրկին հրավիրելով բանավեճի, այդ առաջարկը ևս մերժվել էր։