Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը:
Զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իր խոսքում վարչապետը հիշեցրեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախորդ՝ 6-րդ համաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերի 29-ին:
Վարչապետի խոսքով՝ այն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել սեպտեմբերին, սակայն սեպտեմբերի 13-ի պատերազմի, տարածաշրջանի ռազմաքաղաքական լարված իրավիճակի բերումով այն հնարավոր եղավ իրականացնել նախատեսվածից ավելի քան մեկ ամիս ուշացումով:
«Կուսակցության այս՝ 7-րդ համաժողովը տեղի է ունենում բոլորովին ուրիշ պայմաններում: ՀՀ-ն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է թևակոխել այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղոություն է հաստատված: Այդ խաղաղությունը իհարկե հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և աջակցությամբ, իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված հռչակագրով, բայց հարկ եմ համարում ընդգծել, որ օգոստոսի 8-ը մի երկար գործընթացի գագաթնակետն է:
Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել, հարգելի գործընկերներ:
Անկախությունից ի վեր մենք որևէ նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի:
Սա խաղաղությո՛ւն է, կամ սա՛ է խաղաղություն: Շատ պարզ է․ այնպես անել, որ այդ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս .... 50 տարի 7 ամիս, 100 տարի 7 ամիս և այսպես շարունակ»,- ասաց վարչապետը: