Ամենակարևոր արձանագրումը Հայաստանի և Չինաստաի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն է, որի վերաբերյալ փաստաթուղթը մենք ընդունեցինք Չինաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքներով: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կտան Հայաստան-Չինաստան համաձայնագրերը հայ գործարարներին:
«Ռազմավարական գործընկերությունը նշանակում է, որ այդ թվում մեր երկրների գործարար հատվածն ունի քաղաքական դրական ազդակ՝ համագործակցությունը տնտեսության և մյուս ոլորտներում խորացնելու, պարզապես պետք է մեր գործընկերներն այդ հնարավորություններից օգտվեն:
Պարզ է, որ հեռավորությունը, տրանսպորտային սահմանափակումները կան, բայց հույս ունեմ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը (ոչ թե հույս ունեմ, այլ համոզված եմ), այդ խնդիրների մի զգալի հատվածն էլ կլուծի:
Պատկերացրե՛ք այն հնարավորությունը, որ հնարավոր է Հայաստանում բեռները բարձել գնացքներ և Չինաստանում բեռնաթափել. սա բոլորովին ուրիշ տնտեսական իրավիճակ է, և մեր խնդիրներից մեկը հենց այդ իրավիճակն արձանագրելն է:
Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի և Չինաստանի միջև կոնկրետ գործընկերություն է հաստատված, և այդ գործընկերությունը, այդ թվում՝ փոխադարձ ներդրումային հնարավորությունների հանգամանքով [պայմանավորված], պետք է զարգանա»,- ասաց նա: