Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը չի առարկում Թուրքիայի հետ իր բացառիկ տնտեսական գոտու հարցը Միջազգային դատարան տեղափոխել՝ պայմանով, որ հարևան պետությունը ճանաչի, որ դա երկու երկրի միջև միակ տարաձայնությունն է:
Միցոտակիսը հավելել է, որ Հունաստանը երբեք չի քննարկի ոչ իր կղզիների ապառազմականացման, ոչ էլ ինքնիշխանության հետ կապված հարցերը։ Նրա խոսքով՝ քանի դեռ այդ հարցերը մնում են օրակարգում, այնքան ավելի դժվար կլինի լուծել ծովային գոտիների սահմանի հարցը:
Հունաստանի վարչապետն ընդգծել է, որ պատրաստ են Թուրքիայի հետ բաց երկխոսության և բանակցությունների: Միևնույն ժամանակ պաշտոնյան նշել է, որ հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թուրքիայի նախագահի հետ հանդիպում ծրագրված չէ: